Բավ է պառակտվել
15-04-2014 10:54

Մայդանի ակտիվիստները պահանջում են իշխանություններում կադրային փոփոխություն

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Մայդանի ակտիվիստները մտադիր են հավաքվել Գերագույն Ռադայի շենքի մոտ եւ իշխանությունում կադրային փոփոխություններ, ինչպես նաեւ երկրի հարավ-արեւելքում առավել ակտիվ գործողություններ պահանջել: Իշխանության գործողություններից դժգոհ բնակիչները մտադիր են պահանջել ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի, ինչպես նաեւ նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի պաշտոնանկությունը: Ակտիվիստները դժգոհ են նաեւ երկրի հարավ-արեւելքում հակաահաբեկչական գործողությունների պասիվ ընթացքից: Կազմակերպիչներից Դմիտրի Ռիզնիչենկոն ասել է, որ Մայդանը ցանկանում են վերածնել նոր իշխանությունների գործողությունների հանդեպ դժգոհություններից դրդված: Միաժամանակ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը կարծում է, որ Գերագույն ռադայի աշխատանքի ապակայունացումը ձեռնտու է Ռուսաստանին: Ըստ նրա՝ Մոսկվան հող է նախապատրաստում երկրի ինչպես արեւելքը, այնպես էլ կենտրոնն ապակայունացնելու համար: Գերագույն ռադայի գրոհը մեծապես կնպաստի այդ ապակայունացման ծրագրերին, հայտնում է Ukrinform-ը: