Բավ է պառակտվել
22-10-2014 10:26

ՄԱԿ-ը մեղադրել է ԻՊ-ին Իրաքի եզդիների ցեղասպանության փորձի համար

ՄԱԿ-ը մեղադրել է «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորմանն Իրաքի եզդիների ցեղասպանության փորձի համար։
Կան ապացույցներ, որ ԻՊ-ի գրոհայինները փորձել են ոչնչացնել եզդիներին՝ ստիպելով նրանց ընտրություն կատարել իսլամ ընդունելու և մահվան միջև, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցով տեղակալ Իվան Սիմոնովիչն Իրաքի հյուսիսային շրջաններից վերադառնալուց հետո։ Նա նշել է, որ ԻՊ-ի գործողությունները հավասարազոր են ռազմական և մարդկության դեմ իրականացվող հանցագործություններին, գրում է Deutsche Welle-ն։ 
Սիմոնովիչի խոսքով, ինքն այցելել է Էրբիլ, Բաղդադ և Դոհուկ և հանդիպել է կառավարության ներկայացուցիչների և փախստականների հետ, այդ թվում՝ 30 եզդիների։ Նրանք, մասնավորապես, պատմել են դպրոցներից մեկում զանգվածային խոշտանգումների մասին, երբ մարդիկ հրաժարվել են իսլամ ընդունել։ 
AFP գործակալությունը նշում է, որ նախորդ շաբաթների ընթացքում տասնյակ հազարավոր եզդիներ փախել են Իրաքի հյուսիսային քաղաքներից՝ փրկվելով ծայրահեղականներից։