Բավ է պառակտվել
26-05-2014 09:23

Լուգանսկում կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել

Լուգանսկի մարզի Նովոայդար շրջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Սերգեյ Յարովոյը:

«Տեղի ունեցածի հետևանքով մեկ մարդ սպանվել է և մեկը վիրավորվել է: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետաքննչական խումբը, որի աշխատանքի արդյունքում կպարզվեն տվյալ միջադեպի հանգամանքները», - հայտարարել է վերջինս Կիևում կիրակի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Պատասխանելով սպանվածի և վիրավորի ինքնության, ինչպես նաև որևէ կազմավորմանը պատկանելիության մասին հարցին` փոխնախարարը ընդգծել է, որ դեռևս չի կարող նման տեղեկատվություն տրամադրել:

Յարովոյը հայտնել է, որ «զինված անջատողականների խումբը» գրավել է ընտրական քվեաթերթիկները և փորձել է թաքնվել: Հակաահաբեկչական կենտրոնի ստորաբաժանումները գտել են այդ խմբին, որից հետո կրակահերթ է բացվել: Ահաբեկիչները ձերբակալված են, նրանց հետ հետաքննություն է անցկացվում: Տեղում երկու մեքենա է հայտնաբերվել, որոնցով քվեաթերթիկներն էին տեղափոխում», - նշել է փոխնախարարը:

Միաժամանկ УНИАН գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած 76 խախտման մասին:

Ուկրաինայի ՆԳՆ մարմինները ժամը 18:00-ի դրությամբ հայտարարել են քրեական և վարչական իրավախախտումների 76 դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել այսօր ընթացող Ուկրաինայի նախագահական ընտրություններում: