18-03-2014 20:32

Ռուսաստանի պատճառով լոնդոնյան բիզնեսը հարվածի տակ է

Լոնդոնյան բիզնեսում ռուսական ընկերությունները վերջին 2 տարիների ընթացքում շուրջ 180 մլրդ դոլարի ներդրում են կատարել: Տվյալ համագործակցությունը կարող է հարցականի տակ հայտնվել, եթե Մեծ Բրիտանիան հավելյալ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հնարավոր պատժամիջոցները կարող են ձախողել ռուսական և լոնդոնյան բիզնեսի համագործակցությունը, որի շրջանակում վերջին երկու տարում միջազգային շուկաներում շուրջ 180 մլրդ դոլարի գործարք է կնքվել, որն էլ դարձել է մշտական եկամտի աղբյուր լոնդոնյան բանկիրների, փաստաբանների և «փիառի» մասնագետների համար: Այս ամենը ստացվել է, քանի որ Լոնդոնը դարձել է գործարքների կնքման հիմնական վայրը: «Փոխադարձ առևտրաշրջանառությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև ինչպես արդյունաբերական, այնպես էլ՝ ֆինանսական հատվածում հսկայական է», - նշել է Linklaters փաստաբանական ընկերության մոսկովյան ներկայացուցչության գործընկեր Դոմինիկ Սանդերսը՝ հավելելով, որ պատժամիջոցներն ինչքան հեռու գնան, այնքան ավելի զգալի կլինի վնասի չափը: