31-01-2014 20:31

Իսրայելցիները աղոթում են, որպեսզի ազատվեն Ջոն Քերիից

 Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հավատացյալ իսրայելցիները հավաքվել են ՛՛Լացի պատի՛՛ մոտ՝ «աստվածային միջամտություն» աղերսելու, ինչը կօգնի փրկել Իսրայելն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու նախաձեռնությունից:

Պատի մոտ հավաքվել է ավելի քան 2.000 մարդ, որոնց թվում եղել են ռաբբիներ, աջակողմյան ակտիվիստներ և քաղաքական գործիչներ։

«Մենք չենք ցանկանում մեր հողը տալ ուրիշ ազգերի։ Մեր շրջանում կսրվի ահաբեկչությունը, ինչպես դա եղավ 20 տարի առաջ. ԱՄՆ պետքարտուղարն իր գործողություններով լուրջ սխալ է թույլ տալիս»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ջոն Քերին դեռևս չի հրապարակել իր գաղափարները պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Սակայն սպասվում է, որ նա կառաջարկի Իսրայելին ամբողջությամբ դուրս բերել զորքերը Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքից և Արևելյան Երուսաղեմից։

Մոտ ժամանակում Ջոն Քերին պատրաստվում է աշխատանքային այցով շրջան այցելել և ներկայացնել վերջնական խաղաղության հասնելու պլանը։