17-10-2016 10:19

Քրդերն ու իրաքցի զինվորականները լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլի մոտ

Քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:

Այս մասին տեղեկացրել է քրդական հրամանատարությունը:

«Մոտավորապես ժամը 06:00-ին Մոսուլից դեպի արևելք ընկած Խազերում տեղակայված քրդական ուժերն ու Մոսուլից դեպի հարավ ընկած Գվերում և Գայարայում գտնվող անվտանգության իրաքյան ուժերը սկսել են համակարգված լայնամասշտաբ գործողություն, որն ԻՊ-ի ահաբեկիչներից Նայնավան ազատագրելուն ուղղված առաջին քայլն է»,- նշվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Խազերում կենտրոնացված է մոտ 4.000 քուրդ զինյալ, որոնք Իրաքի դաշնային կառավարության հետ կնքած համաձայնագրի շրջանակում պետք է 3 ռազմաճակատում ազատագրեն իսլամիստների գրաված գյուղերը:

Նշվում է, որ միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:

Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ-ի կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային: