Բավ է պառակտվել
04-03-2016 14:15

Մինչև ու՞ր կգնա Էրդողանի և այդ երկրի սահմանադրական դատարանի միջև հակամարտությունը

Վերջին շրջանում բավական բուռն ներքաղաքական գործընթացներ տեղի ունեցան Թուրքիայում, որոնք ի ցույց դրեցին քաղաքական և հատկապես իշխող կուսակցության վերնախավում առկա որոշակի խմորումները: Այս թեմայով gisher.news-ն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: «Այս համատեքստում, քաղաքական տարբեր վայրիվերումների մեջ Էրդողանը հաճախ է ի ցույց դնում իր իռացիոնալ պահվածքը, և հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ օրեր առաջ, երբ հայտարարեց, թե չի հարգում սեփական երկրի սահմանադրական դատարանի կայացրած վճիռը»,-նշեց փորձագետն ու հավելեց. «Էրդողանի նման կեցվածքն ու հունից դուրս գալը, ինչը շատ է բնորոշ նրան, պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական դատարանը սկսել է վերանայել Էրդողանի «սուբյեկտիվ» հանձնարարականների արդյունքում կատարված քայլերը»: Թուրքագետը նշեց, որ խնդիրը վերաբերում է ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ու Անկարայի խմբագրության ղեկավարի ազատ արձակման վերաբերյալ դատարանի կայացրած վճռին: «Վերոնշյալ լրագրողները ձերբակալվել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիա գաղտնի զենքի մատակարարման վերաբերյալ լրագրողական բացահայտումներից հետո: Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել լրագրողների` ապօրինի կալանքի տակ գտնվելու վերաբերյալ»,-մանրամասնեց Լևոն Հովսեփյանը և ավելացրեց, որ ընդդիմադիրները այն որակեցին որպես «նախագահի կողմից օրենքի գերակայության ոտնահարում», իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը այն համարեց ոչ ավել ոչ պակաս` «երկրի նախագահի ժողովրդավարական իրավունքի իրացում»: «Այս անգամ սահմանադրական դատարանը «արդարադատության ու արդարության պահանջի ազատությանը» հակասող է ճանաչել բարեփոխումների ենթարկված հատուկ ծառայությունների մասին օրենքի որոշ դրույթներ, որոնք արգելում էին հատուկ ծառայությունների աշխատակիցներին իրենց պարտականությունների ու գործողությունների հետ կապված գործերով դատարանում վկայություն ու ցուցմունք տալ»,-հստակեցրեց զրուցակիցս:
Ըստ փորձագետի՝ դժվար է պնդել, որ սա կապված է կոնկրետ այդ խնդրի հետ, սակայն պարզ է, որ սահմանադրական դատարանն ընտրել է Էրդողանի հրամանով իրագործված որոշ արարքների իրավական վերախմբագրման տարբերակը, ինչն էլ լրջորեն սրում է ոչ միայն դատական համակարգում առկա հակասությունները, այլ` Էրդողան-դատական համակարգ հակամարտությունը:
«Այս պարագայում Էրդողանը ձեռքերը ծալած չի կարող նստել և հերթական հարվածն է պատրաստելու սահմանադրական դատարանի դեմ` սկզբնական շրջանում անդամների դեմ իրականացվելիք տարբեր «հատուկ օպերացիաների» տեսքով: Թուրքիայում Էրդողանի կողմից նման օպերացիաների պակաս չի զգացվում»,-ամփոփեց Լևոն Հովսեփյանը:

Տաթև Առաքելյան