Բավ է պառակտվել
20-05-2016 14:04

Արբանյակներից ստացված տվյալները EgyptAir-ի անհետացած ինքնաթիռում պայթյուն չեն ֆիքսել

ԱՄՆ-ի հետախուզական արբանյակները պայթյունի վկայություն չեն հայտնաբերել EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռում, հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:
Պաշտոնյաները, ովքեր լիազորված չեն եղել հրապարակայնորեն խոսելու հետախուզական տեղեկությունների վերաբերյալ, հայտնել են, որ ԱՄՆ-ն չի բացառում ահաբեկչության, ինչպես նաև մեխանիկական անսարքության վարկածները: Սակայն նրանք հայտնել են, որ արբանյակներից ստացված լուսանկարների և այլ տվյալների նախնական ուսումնասիրությունը չի վկայում ինքնաթիռում խոշոր պայթյունի մասին:
Միջերկրական ծովում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են ինքնաթիռի բեկորների որոնումները: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը երեկ հայտնել էր, որ Հունաստանի իշխանությունները ջրի վրա լողացող իրեր և փրկարար բաճկոններ են հայտնաբերել, որոնք հավանաբար ինքնաթիռին են պատկանում: Այնուամենայնիվ, ավելի ուշ EgyptAir-ի փոխնախագահ Ահմեդ Ադելը հայտնել է, որ բեկորները չեն հայտնաբերվել և որ հայտնաբերված բաճկոնները չեն պատկանել իրենց ինքնաթիռին:

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից: Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։