09-01-2017 15:03

Կոնյուխովն օդապարիկով կհասնի ստրատոսֆերային

 
Ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը հունվարի կեսերին ծրագրում է օդապարիկով հասնել ստրատոսֆերային և նոր համաշխարհային ռեկորդ սահմանել:
Ներկա դրությամբ օդապարիկով երկարաժամկետ թռիչքի ռեկորդը պատկանում է ճապոնացիներ Միչիո Կանդաին և Հիրազուկի Տակեզավային: 1997 թվականին նրանք օդում էին անցկացրել 50ժամ 38 րոպե՝ մեկնարկելով Կանադայից և վայրէջք կատարելով ԱՄՆ-ում: Այս նվաճումը գերազանցելու համար Կոնյուխովը պետք է թռչի օդապարիկով 52 ժամից ոչ պակաս:
Հինգշաբթի՝ հունվարի 12-ին, Կարմիր հրապարակում գտնվող Պատմության պետական թանգարանում տեղի կունենա տվյալ նախագծին նվիրված մամուլի ասուլիս, որին բացի Կոնյուխովից մասնակցություն կունենա նաև ռուս երգչուհի Վիկտորիա Ցիգանովան: Նախապատրաստական ընթացքում երգչուհին բազմիցս ճանապարհորդի հետ օդապարիկով երկինք է բարձրացել:
2016 թվականին հայտնի դարձավ, որ Կոնյուխովը ծրագրում է տաք օդապարիկով բարձրության համաշխարհային ռեկորդ սահմանել: Այդ նպատակի իրականացման համար նա մտադիր է հասնել 25 հազ. մետր բարձրության: Ճանապարհորդն իր ծրագիրը կմեկնարկի Յակուտիայում՝ օգոստոս-սեպտեմբր ամիսներին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը ճանապարհորդը օդապարիկով շուրջերկրյա թռիչք էր իրականացրել՝ մեկնարկելով Ավստրալիայի արևմուտքում գտնվող քաղաքից: