Բավ է պառակտվել
03-04-2014 10:19

Հայաստանին ու ԼՂ-ին տրամադրվելիք օգնության չափի ավելացման խնդրանքով ամերիկացի կոնգրեսականները դիմել են կառավարությանը

Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցության չափն ավելացնելու խնդրանքով, ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն ևս 27 կոնգրեսականի հետ նամակ է հղել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Պետական, օտարերկրյա և կից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին և ենթահանձնաժողովի ավագ անդամ Նիտա Լոուին, հայտնում է asbarez.com-ը:
Մասնավորապես, նրանք խնդրել են ենթահանձնաժողովին դիմել Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությանը (USAID), որպեսզի 2015թ. մարդասիրական ու զարգացման ծրագրերի համար ԼՂ-ին հատկացվի առնվազն 5 մլն դոլար, իսկ Հայաստանին որպես տնտեսական օգնություն՝ առնվազն 40 մլն դոլար։
Սակայն աղբյուրը մանրամասնում է, որ իրենց նամակում, բացի Հայաստանին ու ԼՂ-ին տրամադրվելիք ֆինանսական օգնության հարցին անդրադառնալուց, կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ-ի իշխանություններին մարդասիրական օգնությամբ ապահովել Սիրիայի քրիստոնյա փոքրամասնություններին, ներառյալ՝ հայերին, Վրաստանի Ջավախքի շրջանում ֆինանսավորել կայուն աշխատատեղերի ստեղծման ծրագրերը, որպես 3-րդ բանակցող կողմ ներառել ԼՂ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ այդ երկրի կառավարությունը չի դադարեցրել շփման գծում հարձակումներ իրականացնել ու չի համաձայնել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Այս կապակցությամբ ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Փալոնեին ու նրան միացած բոլոր կոնգրեսականներին՝ հայ և ամերիկացի ժողովուրդների մերձեցման հարցում ունեցած ավանդի համար։