Բավ է պառակտվել
15-09-2017 10:30

ՀԿԺՀ -ն կրկին բալիստիկ հրթիռ է արձակել

Ուրբաթ օրը ՀԿԺՀ -ն արձակել է հերթական բալիստիկ հրթիռը, որը թռչել է ճապոնական հյուսիսային Հոկայդո կղզու վրայով՝ ուղղվելով դեպի Խաղաղ օվկիանոսը:
Այդ մասին հայտնել է ճապոնական կառավարությունը՝ հրատապ իրազեկման J-Alert համակարգի միջոցով:
Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հուլիս ամսին ՀԿԺՀ -ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկում է իրականացրել: ԱՄՆ-ն դաշնակիցների հետ իրենց հերթին մշտապես լայնամասշտաբ ծովային վարժանքներ են անցկացնում տարածաշրջանում: Կողմերը մշտապես փոխանակվում են կոշտ հայտարարություններով՝ չբացառելով իրադարձությունների զարգացման որևէ սցենար, ներառյալ՝ ռազմականը:
Հրթիռի արձակման կապակցությամբ Ճապոնիայի հյուսիս- արևելքի բնակիչներին կոչ են արել պատսպարվել ամուր շինություններում և նկուղներում: Բացի այդ նրանց կոչ են արել հայտնել ոստիկանությանը՝ հրթիռի բեկորների հնարավոր անկման դեպքերում:
ՀԿԺՀ -ի արձակած հրթիռն ընկել է Հոկայդո կղզու վրա գտնվող Էրիմո հրվանդանից մոտ 2000 կմ. դեպի արևելք: Այդ մասին ուրբաթ օրը կայացած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղար Յոսիհիդե Սուգան:
« Հրթիռը թռչել է Էրիմո հրվանդանի վրայով, և ընկել է ջուրը՝ մոտ 2000 կմ. դեպի արևելք»,- ասել է նա:
Պետքարտուղարը հայտնել է, որ ՀԿԺՀ -ի արձակած հրթիռի պատճառով Ճապոնիայի տարածքի վրա ընկած որևէ օբյեկտի, ինչպես նաև ծովային փոխադրամիջոցներին հասցված վնասի վերաբերյալ տեղեկություններ չկան:
Նշվում է նաև, որ հրթիռը չի ազդել ինքնաթիռների թռիչքների վրա: Ինչ վերաբերվում է Երկաթգծին, ապա որոշ ընկերություններ երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում դադարեցրել են արագընթաց գնացքների աշխատանքը:
Ըստ հարավկորեական զինվորականների հայտնած տեղեկությունների հրթիռն արձակվել է Փհենյանի շրջանից:
Սա արդեն 6-րդ անգամն է, ինչ ՀԿԺՀ-ն հրթիռ է արձակում Ճապոնիայի տարածքի վրայով:
Հրատապ իրազեկման Ճապոնական Em-Net համակարգի տվյալներով, որոնք փոխանցել է տեղական հեռուստատեսությունը, հրթիռն արձակվել էր տեղական ժամանակով ժամը 06:57-ին: Յոթ րոպե անց այն մտել է Ճապոնիայի օդային տարածք և հատել այն երկու րոպեում: Տվյալների համաձայն հրթիռը ջուրն է ընկել տեղական ժամանակով ժամը 07:16-ին: