Բավ է պառակտվել
09-01-2017 13:03

Ջրածնային վառելիքային մասնիկներով աշխատող ինքնաթիռ Չինաստանում


Չինաստանը հաջողությամբ փորձարկել է էլեկտրական շարժիչով իր սեփական արտադրության փոքրիկ ինքնաթիռը, որն աշխատում է ջրածնային վառելիքային մասնիկների հիման վրա: Ինչպես գրում է «Կեցզի Ժաբո» թերթը, այս ինքնաթիռի առաջին թռիչքը իրականացվել է օրերս Շենյան քաղաքում (Լյաոնին հյուսիսարևելյան նահանգ):
Մեկ տեղանոց ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 320 մետր բարձրության վրա, և, ինչպես նշում է թերթը, բոլոր համակարգերի կայուն գործունեություն և գերազանց արդյունք է ցուցաբերել՝ նույնիսկ Ցելսիուսի սանդղակով -20 ջերմաստիճանի պարագայում:
Նախագծողները շեշտում են, որ ինքնաթիռի գործարկման ժամանակ որևէ վնասակար նյութ չի արտանետվել մթնոլորտ:
Ինքնաթիռը ստեղծվել է Չինաստանի գիտությունների ակադեմիային կից գործող քիմիական հետազոտությունների Դալյանյան բյուրոյի և Լյաոնինյան ավիացիոն գիտա-հետազոտական ինստիտուտի համատեղ ջանքերով:
Նախագծման համար հիմք է հանդիսացել էլեկտրական քարշակով RX1E չինական ինքնաթիռը և չինացի գիտնականների կողմից մշակված 20 կվտ հզորությամբ, ջրածնային մասնիկների վրա հիմնված էլեկտրական շարժիչը:
Ինքնաթիռի վերելքի ժամանակ մեքենային լրացուցիչ քարշակ ուժ են հաղորդում մարտկոցները, ինչից հետո կրկին սկսում են լիցքավորվել:
Այս ինքնաթիռի հայտնվելուց հետո Չինաստանը դարձավ աշխարհի երրերդ երկիրը՝ ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո, որն ունի նմանատիպ տեխնոլոգիաներ: