24-12-2013 13:04

Դինքի գործով կասկածյալը սպառնում է թուրք պաշտոնյային

Թուրքական Taraf պարբերականը տեղեկացնում , որ 2007 թվականի հունվարի 19-ին, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը Ոստիկանության հետախուզության վարչության պետ Էնգին Դինչին «սպառնալիքներով լի» նամակ է ուղարկել: Հին ցուցմունքներում Էրհան Թունջելը պնդել էր, որ սպանության պատասխանատուն Տրապիզոնի ոստիկանության պետ Ռամազան Աքյուրեքի գլխավորած հանցավոր խումբն է։ Նամակում նա նշել է, որ եթե դատական հաջորդ նիստի ընթացքում իրեն ազատ չարձակեն և բարոյական ու նյութական փոխհատուցում չտրամադրեն, ինքը կտեղեկացնի, որ սպանությունն իրականացվել է «Էրգենեկոն» խմբավորումից բարձր կանգնած մի կառույցի կողմից։ «Պարոն Էնգին Դինչ» բառերով սկսվող նամակն ավարտվել է «Մեծ եղբայր Էրհան Թունջել» ստորագրությամբ։ Նամակում Թունջելը գրել է. «Գոնե մեկ անգամ արա մեծ եղբոր անելիքը, և ես, ինչպես միշտ, կանեմ կրտսեր եղբոր անելիքը։ Հակառակ դեպքում՝ բոլոր հարցաքննությունների ժամանակ կնշեմ, որ Դինքի սպանությունը պլանավորել է «Էրգենեկոնից» բարձր կանգնած խմբավորումը»։ Taraf-ի հոդվածագիր Էմրե Ուսշուն նշում է, որ Էրհան Թունջելը Էնգին Դինչին գրած նամակում մի շարք հարցերի վրա լույս է սփռում։ Թունջելը նամակում բացահայտորեն սպառնում է պաշտոնյային և նշում, որ նա է եղել իրեն օգտագործողներից մեկը։