02-06-2014 14:27

Իսպանիայի թագավորը հրաժարվել է գահից հօգուտ իր որդուն

Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս I-ը որոշել է հրաժարվել գահից: Իսպանական մամուլը նշել է, որ թագավորի որոշումը պայմանավորված է նրա առողջական վիճակով: Հիշեցնենք, որ հունվարին թագավորը նշել է իր 76-ամյակը: Գահին կնստի Խուան Կարլոսի ժառանգ արքայազն Ֆելիպեն: Թագավոր Խուան Կարլոսի որոշման մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը Նախարարների Խորհրդի արտահերթ նիստի ընթացքում:

"Նորին Մեծություն թագավոր Խուան Կարլոսը հենց հիմա հայտնել է ինձ գահից հրաժարվելու իր որոշման մասին", - վարչապետի խոսքերից մեջբերում է կատարում է El País պարբերականը:

Ըստ պարբերականի, թագավորի գահից հրաժարվելու որոշումը պայմանավորված է նրա որոշմամբ:

Իսպանիայի վարչապետի խոսքով, թագավորը ինքը կպարզաբանի իր գահից հրաժարվելու որոշման պատճառները:

"Հուսով եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում Իսպանիայի գահում կհայտնվի Արքայազն Աստուրիականը",- հավելել է վարչապետը:

Արքունիքում դեռևս չեն մեկնաբանում այս հարցը:

Ըստ իսպանական մամուլի, Խուան Կարլոսը լրջորեն մտածում է գահից հրաժարվելու հնարավորության մասւն Մերձավոր Արևելք կատարած իր ճամփորդությունից հետո, որը տեղի է ունեցել անցյալ տարվա ապրիլին:

Ըստ EFE պարբերականի տվյալների, գահից հրաժարվելու մասին որոշումը նա ընդունել է դեռևս հունվարին: Այն մտածված և կշռադատված որոշում է:

Խոսելով թագավորի հրաժարականի մասին՝ Ռախոյը բարձր է գնահատել Խուան Կարլոսի՝ որպես իսպանացի ժողովրդի շահերի պաշտպանի, աշխատանքը, ինչպես նաև նշել է, որ գահից հրաժարվելու գործընթացը զարգանալու է "ինստիտուցիոնալ կայունության և ժողովրդավարության զարգացման կոնտեքստում":

Վարչապետը ընդգծել է, որ Խուան Կարլոսը հանդիսացել է երկրի լավագույն հռետորը և դեմքը, Իսպանիայի շահերի անխոնջ պաշտպանը: Բուրբոնների տոհմի ներկայացուցիչ 76-ամյա Խուան Կարլոս I-ը ղեկավարել է երկիրը 1975 թվականից:

Գահաժառանգը

Արքայազն Ֆելիպեի ամբողջական տիտղոսն է Նորին Մեծություն դոն Ֆելիպե Խուան Պաբլո Ալֆոնսո դե Տոդոս լոս Սանտոս դե Բորբոն և Գրեսիա, Արքայազն Աստուրիական, Վիանական և Ժերոնյան, Մոնբլանի դուքս, Սերվերի կոմս, Սենյոր Բալագեր: Իսպանական գահի ժառանգը ծնվել է 1968 թվականի հունվարի 30-ին՝ Մադրիդում: Ֆելիպեն Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս I-ի և Սոֆիա թագուհու երրորդ զավակն է:

Մադրիդում 1984 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո նա ուղևորվել է Կանադա, որտեղ մեկ տարի ուսանել է Lakefield College School-ում: Այնուհետև 1985-ից 1988 թվականներին նա ուսանել է Սարագոսայի Ռազմական Ակադեմիայում, Մարինում ՝ Ռազմածովային ուժերի դպրոցում և Ռազմաօդային Ակադեմիայիյում՝ Սան Խավյերում: Այնուհետև 1993 թվականին նա ավարտել է Մադրիդյան ինքնավար համալսարանը՝ ստանալով իրավաբանական և տնտեսական կրթություն, իսկ 1995 թվականի մայիսին ստեցել է Ջորձջթաունի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրի կոչում:

Արքայազն Ֆելիպեն ամուսնացած է: Նրա կինն է իսպանուհի լրագրող Լետիսիա Օրտիս Ռոկասոլանոն: Զույգն ունի երկու դուստր՝ 2005 թվականին ծնված Լեոնորը և երկու տարի անց ծնված Սոֆիան: