Բավ է պառակտվել
25-08-2015 13:31

Դուշանբեի բնակիչը տուգանվել է 633 դոլարի չափով՝ միայն ընկերներին տորթ է հյուրասիրելու համար

Տաջիկստանում դատարանը Դուշանբեի 25-ամյա բնակիչ Ամիր Իսաևին դատապարտել է 4 հազար սոմոնիի (մոտ 633 դոլար) չափով տուգանքի միայն այն բանի համար, որ իր ընկերներին տորթ է հյուրասիրել իր իսկ ծննդյան օրը, որը նշել է սրճարանում։  
Դատախազությունը գործազուրկ Իսաևի դեմ քրեակա գործը հարուցել է լուսանկարների հիման վրա, որոնք նա տեղադրել է Facebook-ի իր էջում: Այնտեղ պատկերված են նա, իր ընկերները և տորթը: 
Դատարանը վճռել է, որ հոբելյարը խախտել է «Տոնակատարությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Ծննդյան օրը նշվում է կամավոր միայն ընտանեկան շրջապատում»։ 
Իսաևը պնդել է, որ ոչինչ չի տոնել: «Չկային նվերներ, չկային կենացներ, անգամ իմ բերած տորթը մոմեր չուներ: 13 հոգու հաշիվը 540 սոմոնի է կազմել»,- ասել է նա դատարանում: Նա նշել է, որ յուրաքանչյուրն իր համար է վճարել իր պատվերի դիմաց: 
Վկաները հաստատել են Իսաևի խոսքերը, սակայն դատարանը հաշվի չի առել նրանց փաստարկները։ 
«Տոնակատարությունների կարգավորման մասին» օրենքն ընդունվել է 2007 թվականին նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ: Այն խիստ սահմանափակում է հյուրերի, ուտեստների և ավտոմեքենաների քանակը տարբեր միջոցառումների ժամանակ: Օրենքի ընդունման հիմք է դարձել այն, որ պետության բնակիչները վարկեր և պարտքով մեծ գումարներ են վերցրել ճոխ միջոցառումների համար, իսկ այնուհետև տարիներով դրանք մարել։