30-11-2016 10:00

Կոլումբիայում օդանավի աղետի հետևանքով, ճշտված տվյալներով, 71 մարդ է զոհվել

Ճշտված տվյալներով՝ Կոլումբիայում օդանավի աղետի հետեւանքով 71 մարդ է զոհվել: Այս մասին երկրի իշխանությունները հայտարարել են, երբ պարզվել է, որ չվերթին գրանցված ոչ բոլոր ուղեւորներն են եղել օդանավում: Վերջին տվյալներով՝ աղետի պահին օդանավում եղել է 68 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Ողջ է մնացել 6 մարդ:

Փրկարարներն ավարտել են աղետի վայրում՝ Մեդելին քաղաքի մոտ Սերո Գորդո լեռան շրջանում իրականացվող որոնողական աշխատանքները: Այնտեղ գտնվել են երկու «սեւ արկղերը»: Մասնագետները նշում են, որ դրանք գերազանց վիճակում եմ, որոնց վերլուծությամբ կպարզվեն աղետի պատճառները:

Բոլիվիական Lamia Airlines ավիաընկերության Avro RJ օդանավը կործանվել է նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան, երբ Բոլիվիայի Սանտա-Կրուս-դե-լա-Սյերա քաղաքից Մեդելին էր թռչում: Օդանավում են եղել Բրազիլիայի ֆուտբոլի A սերիայի առաջնությանը մասնակցող Շապեկո քաղաքի «Շապենկոեսե» թիմի 19 անդամները, ինչպես նաեւ ակումբի ղեկավարությունը, երկրպագուներ եւ լրագրողներ:

Lamia Airlines մասնավոր ավիաընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին եւ Բոլիվիայից թռիչքներ է սկսել կատարել ընթացիկ տարվա հունվարից: Այն մասնագիտացել է ֆուտբոլային թիմերի չարթերային թռիչքների ոլորտում: Կործանված օդանավն ավիաընկերության պարկում միակն էր: