16-12-2015 10:19

Ճապոնուհիներին թույլ են տվել ամուսնալուծությունից անմիջապես հետո ամուսնանալ

Ճապոնիայի Գերագույն դատարանը սահմանադրությանը հակասող է ճանաչել 1898 թվականի օրենքը, որի համաձայն կնոջն արգելվում էր ամուսնալուծությունից հետո կես տարվա ընթացքում ամուսնանալ:  2011-ին Օկայամա պրեֆեկտուրայի 30-ամյա բնակչուհին դատարան էր դիմել: Նա բողոքում էր, որ 2008-ին ընտանեկան բռնության հետեւանքով ամուսնուց բաժանվելուց հետո ինքը ստիպված է եղել վեց ամիս սպասել նոր ամուսնության համար, ինչը խախտել է նրա իրավունքները եւ բացասաբար է ազդել նրա հոգեկան առողջության վրա: Ճապոնուհին կառավարությունից բարոյական վնասի հատուցում է պահանջել 1,65 միլիոն իենի չափով (13,6 հազար դոլար): Նախորդ օրենքի ընդունումը պատճառաբանված էր հայրության վերաբերյալ հնարավոր վեճերից խուսափելու նկատառումով, եթե երեխան ծնվի ծնողների ամուսնալուծությունից հետո վեց ամսվա ընթացքում: Հաճախ ամուսնալուծությունից մի քանի ամիս անց ծնված երեխայի հայր էին ճանաչում կնոջ նախկին ամուսնուն: Միաժամանակ կենսաբանական հայրը ստիպված էր լինում որդեգրման գործընթաց անցնել, որովհետեւ չէր կարող անմիջապես գրանցել իր հարաբերությունները վերջերս ամուսնալուծված կնոջ հետ: 1898-ի օրենքի վերացման կողմնակիցները համարում են, որ ներկայումս նման իրավիճակները բացառված են, որովհետեւ վեճը կարող է լուծվել հայրությունը պարզող ԴՆԹ թեստով: