Բավ է պառակտվել
05-08-2014 11:52

ԱՄՆ-ն մտահոգված է շփման գծում բռնության աճի վերաբերյալ.Պետդեպ

Այսօր ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնության աճի վերաբերյալ, որը զգալի զոհերի պատճառ է դարձել, և իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին, ինչպես նաև կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես գործողություն ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար և հարգել հրադադարը:
«Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Պատասխան քայլերը և բռնությունները միայն ավելի կբարդացնեն խաղաղ կարգավորման հնարավորությունը: Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահ, հակված ենք օգնել կողմերին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման»,- ասել է Փսակին:

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքի մասին հարցին, ինչպես նաև պատասխանելով, թե արդյոք ԱՄՆ-ն աջակցում է Ռուսաստանի կազմակերպած այդ հանդիպմանը, Փսակին պատասխանել է. «Ինչ վերաբերում է հանդիպման առանձնահատկություններին, ես չեմ խոսել մեր թիմի հետ այդ մասին: Մենք ավանդաբար աջակցել ենք նման հանդիպումներին, որպեսզի այս խնդիրների շուրջ երկխոսություն կայանա»:

Փսակիին նաև հարց է ուղղվել այն մասին, որ նախատեսվում էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ հանդիպումների հաջորդ փուլն անցկացնել ԱՄՆ-ում: «Ի՞նչ տեղի ունեցավ: ԱՄՆ-ն նախաձեռնե՞լ է անցկացնել այդ բանակցային գործընթացը: Դա չի՞ հաջողվել: Եվ որտե՞ղ է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այն ամբողջությամբ տեսադաշտից դո՞ւրս է: Արդյո՞ք ԱՄՆ համանախագահն ընդհանրապես մասնակցում է այս բանակցություններին»,- հարցրել է լրագրողը Փսակիին:

«Ռուսաստանը նույնպես իր մտահոգությունն է հայտնել բռնության աճի վերաբերյալ: Ես տեղյակ չեմ, որ դա պաշտոնապես ծրագրված է եղել, կամ այդ մասին չի հայտարարվել: Ես կարող եմ ստուգել և տեսնել, թե նման բան ծրագրվե՞լ էր: Հնարավոր է՝ ընդամենը բամբասանք է եղել»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: