Բավ է պառակտվել
24-10-2016 09:41

Վրաստանի խորհրդարան է անցել 3 կուսակցություն

Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում կուսակցական ցուցակներով խորհրդարան է անցել երեք կուսակցություն: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները:

ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 48,7 տոկոսը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 27,1 տոկոս, իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5,0 տոկոս ձայն: Մնացած քաղաքական միավորումները, որոնք մասնակցել են ընտրություններին, չեն կարողացել հավաքել ընտրողների ձայների 5 տոկոսը, որն անհրաժեշտ է Վրաստանի օրենքով խորհրդարան անցնելու համար:

Ինչպես հայտնել է ԿԸՀ-ն՝ ընտրությունների վերջնական տվյալների համաձայն՝ խորհրդարանում 77 տեղից «Վրացական երազանքը» ստացել է 44 տեղ, «Միացյալ ազգային շարժումը»՝ 27 տեղ, իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 6 տեղ:

Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից, որից 77-ն ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ ընտրատարածքներից: ԿԸՀ-ի տվյալներով՝ 73-ից 23 միամանդատ շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Մյուս 50 շրջաններում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: