23-11-2016 06:32

Գյուլնարա Քարիմովայի թունավորման մասին պատմությունը ցնցող մանրամասներ է ի հայտ բերել

Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր Գյուլնարայի հնարավոր թունավորման և գաղտնի թաղման մասին պատմությունը անսպասելի զարգացում է ստացել:

«Ցույց տվեք Գյուլնարային» անվամբ թվիթերյան օգտատերը, որն աջակցում է սպանության վարկածին, անսպասելիորեն հեռացվել է, իսկ   անձամբ «Քարիմովայի» կեղծ թվիթերում, որտեղ «նա» աջակցում էր նոր պետության նոր ղեկավարին, առաջին դեմքից հաղորդագրություն է հայտնվել` «Ինձ սպանել են»:

Հիշեցնենք, Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը հայտնել է, որ Ուզբեկստանի 1-ին նագագահ Իսլամ Քարիմովի ավագ դստերը` 44-ամյա Գյուլնարա Քարիմովային, նոյեմբերի 5-ին թունավորել են, նույն օրը նա մահացել է: Հենց նույն գիշերն էլ նրան գաղտնի հողին են հանձնել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանն, այնուհետև հողին են հավասարեցրել գերեզմանը:
Աղբյուրի հաղորդմամբ` ինքն անձամբ է մասնակցել Գյուլնարա Քարիմովայի հուղարկավորությանը: Աղբյուրը չի հայտնել իր անունը, սակայն նշել է, որ հեռախոսազրույց է տվել, քանի որ անհանգստացած է Գյուլնարա Քարիմովայի զավակների ճակատագրի համար, ովքեր այժմ անօգնական և ձայնազուրկ վիճակում են:
Գյուլնարա Քարիմովայի սպանության մասին լուրերն արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում:


«Ցույց տվեք Գյուլնարային» անվամբ թվիթերյան օգտատերը դիմել է լրագրողներին ու միջազգային իրավապաշտպաններին` պահանջելով հետաքննել այդ միջադեպը: Օգտատերը նաև պահանջել է, որ եթե Քարիմովան ողջ է, թող հայտնվի հանրության առջև կամ տեսաուղերձով հանդես գա:
Թվիթերում Քարիմավոյի անունով էջ է հայտնվել, սակայն լրագրողները բացահայտել են, որ դա կեղծ էջ է: Այդ օգտատերը վերջին մի քանի օրերին կասկածելի ակտիվություն է ցուցաբերում, ինչն ավելի ու ավելի է հաստատում այն լուրերը, որ Գյուլնարա Քարիմովան ողջ չէ:


ԶԼՄ-ները փորձել են տեղեկատվությունը ճշտել երկրի իշխանություններից, սակայն պատասխան չի ստացել:

Հիշեցնենք, որ մինչև 2013-ի հոկտեմբեր ամիսը Քարիմովան համարվում էր հոր շարունակողը երկրի ղեկավարման գործում, սակայն այդ ժամանակից ի վեր նրա ու հոր հարաբերությունները կտրուկ վատացել են, երբ փաստեր են ներկայացվել, թե նա Ազգային անվտանգության ծառայության մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ միասին փորձել է տապալել հոր իշխանությունը: Վարկածներ կան, որ հայրը ծեծի է ենթարկել աղջկան, ինքը՝ Գյուլնարան պնդել է, որ իրեն փորձել են թունավորել: Նա քանիցս համացանցում քննադատել է Իսլամ Քարիմովի վարած քաղաքականությունը՝ այն որակելով բռնապետական: Հոր կարգադրությամբ կասեցվել է Գյուլնարային պատկանող հեռուստաալիքների ու ռադիոկայանների հեռարձակումը, նրա բիզնեսը ենթարկվել է ճնշումների: 2013-ի հոկտեմբերից ի վեր նա տնային կալանքի տակ է եղել: Գյուլնարային այս տարվա սեպտեմբերին նույնիսկ թույլ չի տրվել մասնակցել հոր հուղարկավորությանը: