Բավ է պառակտվել
16-06-2014 12:28

Իսլամիստ զինյալները վերահսկողություն են սահմանել Իրաքում

Իսլամիստ զինյալները վերահսկողություն են սահմանել Իրաքի Թալ-Աֆար քաղաքում, որը տեղակայված է Նայնավա նահանգի հյուսիսում, տեղեկացնում РИА Новости գործակալությունը:

Շաբաթվա սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը գրավել էր նահանգի վարչական կենտրոն Մոսուլը և, առհասարակ, նահանգի մեծ մասն այժմ իսլամիստների վերահսկողության տակ է հայտնվել:

Ավելի ուշ երկրի խորհրդարանի խոսնակ Ուսամա ան Նաջաֆին հաղորդել էր, որ ողջ նահանգն արդեն զինյալների ձեռքում է:

Սակայն բնակավայրերի մի մասը դեռևս նրանց վերահսկողության տակ չէ: Երեկ առավոտյան նման բնակավայրերից մեկի՝ Թալ-Աֆարի վրա հարձակվել էին զինյալները, սակայն տալով 18 զոհ՝ ստիպված էին եղել նահանջել:

Հետո մարտը վերսկսվել էր, և քաղաքը հրթիռակոծության էր ենթարկվել: Reuters-ի հետ զրույցում քաղաքի բնակիչները հաղորդել են, որ զինյալներին հաջողվել է գրավել քաղաքը՝ անվտանգության ուժերի հետ մարտերից հետո:

Իրավիճակն Իրաքում կտրուկ վատացել էր վերջին օրերին, երբ զինյալ խմբավորումները գրավել էին Մոսուլ և Տիկրիտ քաղաքներն ու հայտարարել Բաղդադը գրավելու մտադրության մասին: