Բավ է պառակտվել
11-09-2017 09:25

«Իրմա» թայֆունը 2 մետրանոց ալիքներով հարվածել է Ֆլորիդային (Տեսանյութ)

 

«Իրմա» թայֆունը 2,1 մ. բարձրություն ունեցող ջրի «պատերով» հարվածել է Ֆլորիդայի Նեյպլս քաղաքին:
Այդ մասին կիրակի օրը հայտնել են ԱՄՆ-ի փոթորիկների մոնիտորինգի ազգային կենտրոնից:
Կենտրոնից տեղեկացնում են, որ ջրի վերելքը կատարվել է շատ արագ , և այն իր գագաթնակետին է հասել ընդամենը 90 րոպեում:
ԱՄՆ-ի փոթորիկների մոնիտորինգի ազգային կենտրոնից նաև տեղեկացրել են, որ Ֆլորիդայի մերձափնյա որոշ տարածքներում սպասվում են լուրջ ջրհեղեղներ:
«Իրմա» թայֆունի հասցրած հարվածի արդյունքում Ֆլորիդայի բնակչության 3 մլն-ից ավելին մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Այդ մասին կիրակի օրը հայտնել էր CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով նահանգի հինգ խոշոր էներգետիկ ընկերություններից ստացված ընդհանրացված տվյալներին:
Ֆլորիդայի քաղաքապետ Ռիք Սքոթի գնահատմամբ հոսանքազրկված տների և ձեռնարկությունների թիվն անցնում է 1,528 մլն-ից: Շաբաթ օրը Florida Power & Light ընկերության ղեկավար Էրիկ Սիլոջին հանդես էր եկել կանխատեսմամբ, որ «Իրմա» թայֆունը առանց էլեկտրաէներգիայի կթողնի Ֆլորիդայի 9 մլն բնակչությանը:
Ընդ որում Ֆլորիդա նահանգում հաճախակիացել են թալանի դեպքերը: Breaking 911-ը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հանցագործները օգտվելով եղանակային վատ պայմաներից թալանում խանութները:
Ավելի վաղ, սեպտեմբերի 10-ին, ԱՄՆ-ի փոթորիկների մոնիտորինգի ազգային կենտրոնը հայտնել էր, որ փոթորկի պատճառով Ֆլորիդայի արևմտյան և կենտրոնական հատվածներում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ և ջրհեղեղներ:
Նախագահ Դոնալդ Թրամփն այդ աղետը «հսկա հրեշ» է անվանել և նահանգի տարածքում խոշոր տարերային աղետի ռեժիմ հայտարարել:
Ավելի վաղ օդերևութաբանները հայտնել էին, որ կիրակի օրը «Իրմա» փոթորիկը թուլացել է՝ Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակով հինգերորդ կարգից հասնելով երկրորդի: Դրա էպիկենտրոնը ներկա դրությամբ գտնվում է Ֆորտ-Մայերս (Ֆլորիդա նահանգ) քաղաքից 40 կմ. հարավ-արևելք: Փոթորիկը 6,1 մ/վ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս: