24-02-2014 14:04

Իրականում որտե՞ղ է Յանուկովիչը

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտնել է, որ հրահանգ է տրվել ձերբակալել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:
Նույն առիթով Interfax-ը հայտնում է, որ Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ավակովը մանրամասնել է, որ հետախուզում է հայտարարվել նաև այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ:
France Presse-ը մանրամասնում է, որ Յանուկովիչի դեմ արդեն հետաքննություն է սկսվել` «զանգվածային մարդասպանության» համար:

Russia Today-ն էլ հիշեցնում, որ Յանուկովիչն օրերս հրաժարվել էր պետական պաշտպանությունից: Նրան վերջին անգամ տեսել են Ղրիմում:
Իսկ հրապարակված վերջին տվյալներով, Յանուկովիչը եղել է Մոսկվայի պատրիարքության վանքերից մեկում անվտանգության աշխատակիցների և մերձավոր շրջապատի հետ։ Նրա հետ եղել են մոտ հազար հոգի:


Այդ տեղեկությունն այլ աղբյուրներից հաստատում կամ հերքում չի ստացել:
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Վլադիմիր Կուրենոյը հայտարարել էր, որ Դոնեցկից Մարիուպոլի ուղղությամբ (հնարավոր է՝ սահման տանող մայրուղի) դուրս է եկել ավտոշարասյուն, որտեղ իբր կարող է գտնվել Յանուկովիչը: Ավելի վաղ նա տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը. «Ձերբակալվե՞լ է: Տեղեկությունը 80 տոկոսով է: Ստուգում ենք»: Սակայն ընդդիմադիր Վալենտին Նալիվայչենկոն, ով նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության համակարգող, հայտարարել է, որ Յանուկովիչի ենթադրյալ ձերբակալության մասին ոչինչ չգիտի: