Բավ է պառակտվել
11-06-2014 15:11

Հունաստանի հայ երիտասարդները հակաադրբեջանական թռուցիկներ են բաժանել

Հույն հասարակության շրջանում Ադրբեջանի քարոզչությունն իրականացնելու համար Աթենքում Ադրբեջանի դեսպանատունը մշակութային տարբեր միջոցառումներ է նախաձեռնում։

Ինչպես տեղեկացնում է հունահայ համայնքին պատկանող «Ազատ օր» թերթի կայքը, հերթական ադրբեջանական համերգի ընթացքում հայ երիտասարդները թռուցիկներ են բաժանել՝ հույն հասարակությանը տեղյակ պահելով Ջուղայի հայկական գերեզմանատան` ադրբեջանցիների կողմից ոչնչացվելու վերաբերյալ։

Դասական համերգի հրավիրյալների թվում եղել են օտար դիվանագետներ, հույն գործարար և հասարակական միությունների ներկայացուցիչներ։

Նշենք, որ հայերի ակցիայի նախաձեռնողը եղել են ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության անդամները։

Երիտասարդները հավաքվել են համերգասրահի մուտքի մոտ և ավելի քան 1000 թռուցիկ բաժանել։

Քիչ անց ադրբեջանցի կազմակերպիչները նկատել են տեղի ունեցածն ու պահանջել են, որ ոստիկանները հեռացնեն հայ երիտասարդներին։ Հայերը, սակայն, չեն հեռացել և շարունակել են գործը։ Նրանք դեպքի վայր ժամանած ոստիկանությանը բացատրել են, որ իրենք խաղաղ ակցիա են իրականացնում և ժողովրդին տեղյակ են պահում, թե ում համերգին են եկել։

Ոստիկանությունը խստացրել է կեցվածքն ու ձերբակալություններ իրականացրել՝ փորձելով սպառնալ և հեռացնել երիտասարդներին։

«Նախաձեռնությունն իր նպատակին հասավ՝ հույն և օտար շրջանակներին ներկայացնելով Ադրբեջանի իրական դեմքը, որը ներկայանում է որպես մշակութասեր պետություն, սակայն նույն պահին կատաղությամբ ոչնչացնում է համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողները»,-գրում է հունահայ պարբերականը։