Բավ է պառակտվել
06-06-2014 10:34

Հալեպի Նոր Գյուղ թաղամասի վրա երկու հրթիռ է ընկել

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ շրջանում երեկ համեմատաբար հանդարտ է եղել` ի համեմատություն անցնող օրերի։
Նոր Գյուղի վրա երկու հրթիռ է ընկել, որոնք, բարեբախտաբար, չեն պայթել։ Հալեպի լրատվական գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ շրջանից տեղահանված հալեպահայության մի մասը շարունակում է ապաստանել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Աղաջանյան և Իշխանաց սրահներում։

Նախօրեին հաղորդվել է հունիսի 1-3-ը Նոր գյուղի հրթիռակոծության հետևանքով վիրավորված հայերի անունները։ Նրանք են՝ Մարիա Խաչերյան-Չիլինգարյան, Լևոն Չերչյան, Թալին Մինասյան, Անի Մահսերեջյան, Հովսեփ Դեմիրճյան։ Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ։
Հիշեցնենք, որ Սիրիայում կայացած նախագահական ընտրությունների նախաշեմին իրավիճակը լարվել էր Հալեպում և, մասնավորապես, հայաշատ Նոր գյուղ թաղամասում։ Զինյալ խմբավորումները բավական մոտեցել էին Նոր գյուղին, և թաղամասի վրա գազի բալոնի միջոցով պատրաստված հրթիռների տարափ էր տեղացել։
Հալեպահայությունը նախօրեին տագնապի ահազանգ էր հնչեցրել՝ նշելով, որ հալեպահայությունն ու Նոր գյուղը կործանման վտանգի առաջ են։