19-09-2015 13:17

Հնարավոր է սիրիացիների անձնագրերով ջիհադականների հոսք՝ ԵՄ երկրներ. Ա. Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը այսօր անդրադառնալով Եվրոպայում տիրող միգրացիոն ճգնաժամին, նշեց, որ դրա հիմքը արաբական աշխարհում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներն են: Միգրանտների հոսքերը Եվրոպայի համար նոր երևույթ չէ՝ հատկապես Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բնակչությունը տարիներ շարունակ գաղթել է ԵՄ երկրներ. «Այսօր խնդիրը սիրիացի փախստականներն են, նրանց աննախադեպ հոսքը անսպասելի պատճառ դարձավ այն երևույթին, որը փորձագետները ճգնաժամ որակեցին: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով այս ութ ամիսների ընթացքում 486 հազար միգրանտ է անցել Եվրոպա 3000 հոգի էլ ճանապարհին խեղդվել են ծովում: Եվրոպա հասած փախստականների 40%-ը սիրիացիներ են»,- նշեց փորձագետը և հավելեց, որ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների քաղաքացիներ գաղթելով ԵՄ երկրներ ևս ներկայանում են որպես սիրիացիներ. «Սիրիացիները այսօր ավելի արտոնյալ պայմաններ ունեն: Եվրապոլի ղեկավարի տվյալներով 30.000 հանցագործ ներգրավված է այս մարդկանց տեղափոխման գործողություններում: Այսօր 850-1000 դոլարի սահմաններում, քառասուն ժամվա ընթացքում Սիրիայում կարելի է անձնագիր ձեռք բերել: Տվյալ խնդրի մասին գրող միջազգային լրագրողներից մեկը նույնիսկ ցուցադրեց Հոլանդիայի վարչապետի նկարով, սիրիացու անուն ազգանունով անձնագիր, որպես ապացույց, թե ինչ հեշտությամբ ջիհադականները, ահաբեկիչները կարող են ձեռք բերել կեղծ անձնագիր և սիրիացի գաղթականի անվան տակ տեղափոխվել ԵՄ»: Արաբագետը նկատեց, որ վերջին երեք ամեիսների ընթացքում գաղթականների հոսքերը մեծացել են, կան արհեստական միտումներ՝ որոշակի կառույցներ, ուժեր փորձում են արագացնել այս գործընթացը:  «Դա նաև Թուրքիայի գործողությունների արդյունք է: Կոնֆլիկտի սկզբում Թուրքիան պահանջում էր անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի շուրջը, որպեսզի սիրիայից գաղթականների հոսք չլինի, սակայն դա չարվեց: Իսկ այսօր արդեն իսկ նշվում է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում անհրաժեշտ է անվտանգության գոտիներ ստեղծել»: Բանախոսը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 23-ին Եվրոպայում ընդլայնված քննարկելու են խնդիրը: Հենց այդ օրը Իսլամական պետության դեմ պայքարի կոալիցիայի կազմավորման մեկ տարին է լրանում:

 

Մարինե Բարսեղյան