Բավ է պառակտվել
26-03-2014 09:56

Հայաբնակ Քեսաբի վրա հարձակվել են Ռեջեփ Էրդողանի հրամանով

Թուրքական Birgun պարբերականը հարցազրույց է վերցրել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ներխուժած ահաբեկիչների դեմ պայքարող Սիրիայի կառավարական զորքերի հրամանատարներից Միհրաջ Ուրալի հետ, ով ահաբեկիչների հարձակումների մեջ մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հեռախոսով տված հարցազրույցի ժամանակ սիրիացի հրամանատար Միհրաջ Ուրալը նշել է, թե տվյալ պահին ինքը գտնվում է Քեսաբում եւ մարտնչում է Թուրքիայից ներխուժած ավազակախմբերի դեմ։ «Այս պահին բախումների կիզակետում ենք։ Էրդողանի եւ իմպերիալիստների կերակրած ջիհադական ավազակախմբերի դեմ ենք պայքարում։ Գող Էրդողանի կերակրած մարդասպանները հարձակվում են մեզ վրա»,-ասել է Միհրաջ Ուրալը՝ շեշտելով, որ «Ալ-Կաիդայի» մաս կազմող խմբավորումները հարձակվել են հայկական Քեսաբի դեմ, իսկ իրենք պաշտպանում են Քեսաբը, քանի որ այն Սիրիայի կազմում է։ Ըստ հրամանատարի, իրենք կարողացել են հետ մղել ջիհադականների հարձակումը եւ ստիպել են նրանց հետ քաշվել եւ հավելել, որ տեղի բնակչությունն աջակցում է իրենց։