Բավ է պառակտվել
24-03-2014 11:15

Հայ երիտասարդը այրվող բնակարանից փրկել է 94-ամյա կնոջը և հերոս է դարձել

 

Երեկ, մարտի 23-ին,Սան-Ֆրանցիսկոյում երեք դեռահասներ հերոս են դարձել այն բանից հետո, երբ այրվող բնակարանից փրկել են 94-ամյա կնոջ, նրանցից մեկը ազգությամբ հայ է եղել: Այդ մասին գրում է «NBC» հեռուստաալիքի կայքը: Սան-Ռամոնում քալիֆորնիական միջին դպրոցի սովորողները ինչ-որ բան ուտելու համար առավոտյան ժամը 10-ին դասից փախել էին: Սակայն, տեսնելով տներից մեկի ետնամասից բարձրացող ծուխը, դեռահասները մոտեցել են: Այդ ժամանակ Կարեն Քիսոյանն ու նրա ընկերներ Փիթեր Կրավարիոտիսն ու Կիրիլ Յանտիկովը ավտոտնակում տեսել են Դիանա Դեւիսին, ով օգնության էր կանչում: «Ես ջրի խողովակն էի միացնում, իսկ նա զանգահարել էր 911 ծառայություն: Մենք կնոջը հարցրեցինք՝ տանը մեկ ուրիշը կա, իսկ նա չպատասխանեց»,- պատմել է Քիսոյանը: Հետո կինը դեռահասներին ասել է տանը գտնվող տարեց մոր մասին: «Մենք պարզապես բնազդաբար ներս մտանք»,- նշել է Կրավարիոտիսը: Դեռահասները տուն են մտել՝ չնայած ծխին ու կրակին, գտել են տարեց կնոջը, ով աթոռին նստած էր: Կինը այրվածքներ էր ստացել: «Երբ բարձրացրեցինք աթոռն ու վերցրեցինք շանը, նա միայն ասաց՝ «վառվում եմ»: Ինձ համար շոկ էր»,- հավելել է Կրավարիոտիսը: Հարեւան փողոցում բնակվող Բոբ Սմիթը մինչ այդ արդեն տուն մտել էր: Նա ասել է, որ իր տարիքն ու ծուխը թույլ չեն տվել առաջ անցնել: «Եւս մեկուկես րոպե ու կինը կմահանար: Չեմ կարծում, որ կփրկվեր: Ես ներս մտա ու ծխից անգամ ձեռք չէի տեսնում: Սարսափելի էր»,- պատմել է Սմիթը: Հրշեջները հասել են դեպքի վայր ու մարել հրդեհը: Քննիչները փորձում են որոշել հրդեհի պատճառը: Տարեց կնոջը հասցրել են Սան-Ֆրանցիսկոյի Այրվածքների կենտրոն: