12-01-2014 19:13

Հայ բնակիչը բողոքում է Գլենդելի ոստիկանության աշխատակիցներից

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի հայ բնակիչը դատի է տվել մի քանի ոստիկանների: Նա նշել , թե հաճախակի գլխացավեր է ունենում այն բանից հետո, երբ իրեն կալանավորելիս գցել են գետնին: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը։

20-ամյա Պիեռ Մորադյանը պատմել է, որ մարտի 2-ին ինքն ապօրինաբար կալանավորվել եւ բռնության է ենթարկվել, երբ ոստիկաններին հարցրել է, թե ինչու են ձերբակալում դրսում ծխող իր ընկերներին, որոնց հետ խնջույքի էր մասնակցում։

Մորադյանի ընկերները տան մոտ կանգնած են եղել, երբ նրանց է մոտեցել կին ոստիկանը և առանց որեւէ պատճառի խուզարկել է նրանց: Դրանից հետո նա գործընկերներին է կանչել: Ըստ փաստաբանի՝ ոստիկանական տասնյակ մեքենա է ժամանել, 20 ոստիկան եւ ուղղաթիռ, եւ այդ ամենը խնջույքի մասնակից ընդամենը 20 մարդու համար:

Մորադյանը տնից դուրս է եկել եւ ոստիկաններին ասել, որ նրանք իր ընկերներին կալանավորելու իրավունք չունեն: Արդյունքում ոստիկանները նրա հետ կոպիտ են վարվել եւ կալանավորել՝ հասարակական վայրում հարբած վիճակում լինելու կասկածանքով:

Դրանից հետո նրան տեղափոխել են բանտ, որտեղ մնացել է վեց ժամ: Այնուհետեւ ազատվել է, նրան ոչ մի մեղադրանք չի առաջադրվել: Ըստ փաստաբանի՝ այդ ամենն ազդել է Մորադյանի վրա: Նա տառապում է գլխացավերից եւ գլխի բուժզննում է անցել, քանի որ կալանավորվելիս հարված է ստացել: