Բավ է պառակտվել
15-04-2014 11:41

Հալեպում իրավիճակը կրկին վատացել է. վիրավորվել ու զոհվել են նաև հայեր

Սիրիայի կանոնավոր բանակին և զինյալ ընդդիմադիրների միջև բուռն բախումներ են տեղի ունեցել Զահրաա (քաղաքի արևմտյան կողմը), Լերամուն (հյուսիս-արևմուտք), Ռամուսե (հարավ-արևմուտք), Համդանիե (արևմուտք) և Շեյխ Մակսուտ (հյուսիս) շրջաններում, արդյունքում Հալեպում իրավիճակը կրկին վատացել է:
Ռամուսեի բախումների հետևանքով ժամանակավորապես վտանգված է Հալեպից դուրս գալու միակ ճանապարհը՝ Խանասերը:
Զինյալները շարունակում են հրթիռներ արձակել Հալեպի զանազան թաղամասերի վրա:
Հանգստյան օրերին տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակներով հրթիռներ և արկեր են արձակվել Հալեպի զանազան շրջանների և հատկապես հայաշատ Նոր Գյուղ շրջանի վրա՝ հասցնելով մարդկային և նյութական մեծ վնասներ: Զոհերի և վիրավորների թվում կան հայեր: Զոհվել են Սագօ Աշնալըքեան և Լևոն Գէորգեան։ Վիրավորների թվում են Վրէժ Եագուպեան, Ժագ Տէկիրմէնճեան, Յարութ Աբիկեան, Արաքսի Օրուլեան, Յասմիկ Մանուէլ-Թիւթիւնճեան, Կարօ Քարակիւլլիւեան: Նոր Գյուղ շրջանի տարբեր թաղամասերում հրթռակոծումը շարունակվել է նաև երեկ: