24-04-2017 16:05

Իտալիայի Պեզարո քաղաքում ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է կանգնեցվել

Իտալիայի Պեզարո քաղաքի Միրալֆիորե զբոսայգում ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների խաչքար է կանգնեցվել. Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով նախաձեռնությունն իրագործելու համար՝ Դավիթ Գևորգյանը համոզմունք է հայտնել, որ խաչքարի տեղադրումը կնպաստի երկու քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Նշենք, որ խաչքարի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է:
Այս տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: