Բավ է պառակտվել
09-07-2014 10:25

Բարաք Օբամային հրաժարվում են օդանավակայանում դիմավորել

Ամերիկյան նահանգների ղեկավարները Բարաք Օբամային սովորաբար դիմավորում են օդանավակայանում, երբ վերջինս այցով մեկնում է այնտեղ, սակայն Թեքսասի նահանգապետ Ռիք Փերրին հրաժարվել է այդ քայլից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:

Լինելով Հանրապետական կուսակցության կողմնակից եւ ԱՄՆ վարչակազմի ներգաղթի քաղաքականության խիստ քննադատ, նա մերժել է Սպիտակ Տան առաջարկը՝ չորեքշաբթի օդանավակայանում դիմավորել երկրի նախագահին: Թեքսասի նահանգապետը հայտարարել է, որ նախընտրում է ավելի «բովանդակալից» հանդիպում ունենալ:

«Շնորհակալություն Օսթինի օդանավակայանում Ձեզ դիմավորելու հրավերի համար, բայց շարժասանդուղքի մոտ կարճ ձեռքսեղմումը թույլ չի տա քննարկել մարդասիրական ճգնաժամը եւ ազգային անվտանգության ոլորտում առկա ճգնաժամը, որը հիմա տեղի է ունենում Թեքսասի հարավում գտնվող Ռիո Գրանդե գետի հովտում»,-ասված է Օբամային ուղղված Փերրի նամակում:

Ավելի ուշ Թեքսասի նահանգապետը հրավիրվել է նախագահի մասնակցությամբ կլոր սեղանի, որը տեղի է ունենալու այսօր՝ հուլիսի 9-ին, Դալլասում: Կլոր սեղանը նվիրված է ԱՄՆ սահմանամերձ շրջաններին: Փերրիի ներկայացուցիչների խոսքով՝ նա այդ հրավերն ընդունել է: