30-03-2015 11:15

Թբիլիսիում «հուղարկավորել» են լարին

Մի քանի հասարակական կազմակերպություններ Թբիլիսիում ազգային արժույթի խորհրդանշական հուղարկավորություն են կազմակերպել: Ակցիան տեղի է ունեցել նախկին վարչապեռտ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ։ 
«20 տարվա կյանքից և 2 տարվա ծանր հիվանդությունից հետո լարին մահացավ։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ասենք նախկին վարչապետին, որ նա խաբում է ժողովրդին»,- հայտարարել է «Ապրիորի» կազմակերպության նախագահ Բեսո Շենգելիան։ 
Մասնակիցներն իրենց հետ դագաղ են բերել։ Հուղարկավորության արարողության ընթացքում հավաքվածները սգացել են լարիի մահը՝ մեղադրելով գործող իշխանություններին։ 
«Նոր շարժում» կազմակերպության անդամ Գիրշել Բերտայան նշել է, որ հավաքվածներն այդ կերպ պահանջել են Իվանիշվիլիի ձևավորած կառավարության հրաժարականը։ 
«Այս իշխանությունն իր անգործությամբ և ոչ կոմպետենտությամբ երկրի տնտեսական վիճակն աղետի է հասցրել»,- ընդգծել է նա։