Բավ է պառակտվել
09-09-2014 14:04

Կենտրոնական Ասիան կարող է ահաբեկիչների կողմից օգտագործվել որպես տարանցման միջոց

ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդևեյ Նովիկովը նշել է, թե Կենտրոնական Ասիան կարող է ահաբեկիչների կողմից օգտագործվել որպես տարանցման միջոց՝ զանգվածային ոչնչացման զենք եւ միջուկային նյութեր տեղափոխելու համար:
«Մենք նաեւ հաշվի ենք առնում եւս մեկ պոտենցիալ սպառնալիք. Դա ԱՊՀ երկրների, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայի տարածքի օգտագործման հավանականություն է ահաբեկիչների կողմից՝ միջուկային եւ այլ վտանգավոր նյութերի, ինչպես նաեւ զանգվածային ոչնչացման զենքի հետ կապ ունեցող տեխնոլոգիաների եւ սարքավորումների տեղափոխման համար», -ասել է Նովիկովը ԱՊՀ-ի անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հավաքի ընթացքում:
Ըստ նրա, շատ հավանական է այս երթուղին Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տեղափոխման համար օգտագործելը:
Նովիկովը հիշեցրել է հունիսին «Իսլամական պետություն» խմբավորման հայտարարությունն այն մասին, որ իրենք միջուկային զենք ունեն եւ մտադիր են այն կիրառել:
«Հիշեցնեմ, այս կազմակերպության գրոհայինները գրավել էին Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը, որտեղի համալսարանից, ըստ իրենց հայտարարությունների, տասնյակ կիլոգրամներով միջուկային նյութեր էին հափշտակել: Նրանք նաեւ տիրացել էին շուրջ 1 մլրդ դոլարի ակտիվների»,- ասել է գեներալը:
Իրաքի իշխանություններն ավելի վաղ ՄԱԿ-ին իրազեկել էին գրոհայինների կողմից միջուկային նյութերի առեւանգման մասին: Նրանք նշել էին, որ գողացված ուրանը, ենթադրաբար, ցածրհարստացված է սպառնալիք չի ներկայացնում: