Բավ է պառակտվել
03-03-2015 14:54

Հունաստանը խանգարել է Թուրքիային Էգեյան ծովում զորավարժություն անցկացնել

Թուրքիան մտադիր էր ընթացիկ տարվա մարտի 2-ից մինչև ամսվա վերջը ծավալուն ռազմական օդային և ծովային զորավարժություններ անցկացնել: Հունական դիվանագիտության աննախադեպ ջանքերի շնորհիվ, որը դիմել էր գրեթե բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում նաև ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և նույնիսկ ՄԱԿ-ին հաջողվեց կանխել թուրքական կողմի այդ ռազմական մարտահրավերը: Թուրքական գլխավոր շտաբի ծրագրերի համաձայն Էգեյան ծովի ավազանը Սքիրոս և Լեմնոս կղզիների հատվածում գրեթե մեկ տարով պետք է փակվեր Թուրքիայի Զինված ուժերի զորավարժությունների պատճառով: Հունաստանը անմիջապես հայտարարեց, որ նախատեսվող զորավարժությունների գոտին ոչ միայն խախտում է միջազգային օդային և ծովային սահմանները, այլ նաև փակում է հունական տարածքի հատվածները: Ինչպես հայտարարել են Հունաստանի իշխանությունները, եթե տվյալ քայլը սխալմամբ չէր կատարվել Թուրքիայի ռազմական ղեկավարության կողմից, ապա այն կնշանակեր Հունաստանի օդային և ծովային սահմանների ուղղակի խախտում: Հիշեցնենք, որ Թուրքիայի մտադրությունների մասին հայտարարելուց մեկ օր առաջ Թուրքիան փորձել էր խանգարել Կրետե կղզու հարավային հատվածում օպտիկական գծեր անցկացնող «Explora» իտալական նավին: Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Գ. Սաքելարիդիսը նշել էր, որ «արդյունք տվող դիվանագիտությունը անաղմուկ է կատարվում», ինչպես նաև բացասաբար էր արձագանքել «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության ջանքերին, որը կոչ էր անում ուղղակի կարգով պարզաբանումների համար դիմել Թուրքիայի պաշտպանության նախարարությանը՝ շրջանցելով սահմանված կարգը: