Բավ է պառակտվել
02-07-2016 12:15

Ադրբեջանը թրաֆիքինգի վայր է, աղբյուր և փոխանցող երկիր. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2015 թվականին աշխարհում մարդկանց առևտրի իրավիճակի մասին զեկույցը` Ադրբեջանին ներառելով «երկրորդ կարգի» երկրների շարքում:

Մասնավորապես, Ադրբեջանը բնութագրվում է որպես մարդկանց առևտրի համար նախատեսված վայր, փոխանցող և աղբյուր երկիր:

Այս երկրում տղամարդիկ, կանայք ու երեխաները ենթարկվում են աշխատանքային և սեռական թրաֆիքինգի: Ադրբեջանցի տղամարդկանց և տղաներին հարկադիր աշխատանքի են ենթարկում Թուրքիայում, ՌԴ-ում, ԱՄԷ-ում և հենց Ադրբեջանում։ Իսկ կանայք ու աղջիկ երեխաները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում Թուրքիայում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում, ասվում է զեկույցում:

Ադրբեջանը նաև նշանակման վայր է հարկադիր աշխատանքի և սեռական շահագործման համար այն մարդկանց համար, ովքեր ժամանում են Ուզբեկստանից, Թուրքմենստանից և Ուկրաինայից:

Զեկույցում նշվում է, որ երկիրը չի համապատասխանում նվազագույն չափանիշներին մարդկանց առևտրին հակազդելու ոլորտում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում նշվում է, որ միլիոնավոր մարդիկ են ամեն տարի ենթարկվում թրաֆիքինգի, ինչը կարելի է վերացնել միայն միջազգային համատեղ ջանքերով։

««Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի» զեկույցը միայն փաստեր չեն, այն փաստաթուղթ է՝ համապատասխան աշխատանքներ ծավալելու համար»,– արդեն 16-րդ զեկույցը ներկայացնելուց առաջ իր ելույթում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։