Բավ է պառակտվել
26-09-2016 10:26

Ադրբեջանում սկսվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սկսվել է Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն:

Քվեաթերթիկներում 29 կետ է ներառված:

Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 8:00-ից ու տեւելու է մինչեւ 19:00՝ 5627 ընտրատեղամասերում, նաեւ արտերկրերում Ադրբեջանի դեսպանատներում: Սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան հայտնի կդառնան հանրաքվեի նախնական արդյունքները, իսկ պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մինչեւ հոկտեմբերի 21-ը:

Հանրաքվեն կայացած է համարվում, եթե դրան մասնակցում է ընդհանուր ընտրողների քանակի առնվազն 25 տոկոսը: Քվեարկությունը 29 կետերից յուրաքանչյուրի համար առանձին է լինելու: Դրանք ընդունված են համարվելու, եթե դրանք օգտին քվեարկի մասնակցած ընտրողների կեսից ավելին:

Հանրաքվեին հետեւելու նպատակով 53 հազար տեղական դիտորդ է գրանցվել, որոնք հիմնականում ներկայացնում են իշխանամետ կառույցները ու 117 միջազգային դիտորդ: Մոնիտորինգին չեն մասնակցում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ բացառությամբ ԵԽԽՎ գնահատման առաքելության: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար վերջին տարիներին ստեղծված խնդիրների պատճառով հանրաքվեին չեն կարողանա հետեւել նաեւ անկախ մոնիտորինգային կառույցները:

Փոփոխությունները նախաձեռնել է նախագահ Իլհամ Ալիեւը: Դրանք նախատեսում են Ադրբեջանում ստեղծել առաջին փոխնախագահի ու փոխնախագահների պաշտոններ: Ընդ որում նրանց նշանակում ու պաշտոնից հեռացնելու է հենց նախագահը առանց որեւէ կառուցի հետ համաձայնեցնելու: Եթե նախագահը ի վիճակի չլինի կատարել պետության ղեկավարի իր պարտավորությունները՝ նրա լիազորությունները անցնելու են առաջին փոխնախագահին: Իսկ եթե վերջինն էլ ի վիճակի չէ կատարել պետության ղեկավարի լիազորությունները, դրանք անցնում են վարչապետին: Ըստ գործող Սահմանադրության, նախագահի լիազորությունները նման դեպքերում անցնում են վարչապետին: Առաջարկվում է նաեւ վերացնել նախագահի պաշտոնի թեկնածուի համար նվազագույն տարիքային շեմը, որը հիմա 35 տարեկանն է սահմանված: Այսպիսով բոլոր չափահաս քաղաքացիները կարող են նախագահ ու պատգամավոր ընտրվել:

Ընդդիմադիրները կարծում են, որ այդ փոփոխությունները ճանապարհ են բացում Իլհամ Ալիեւի ընտանիքի երիտասարդ անդամների համար: Փոփոխությունները առաջացրել են նաեւ միջազգային կառույցների ու մասնավորապես Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի քննադատությունները: