Բավ է պառակտվել
31-05-2014 11:18

Նախօրեին Հալեպի հայահոծ թաղամասերում չափազանց լարված է եղել

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հիմնականում հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում երեկ իրավիճակը չափազանց լարված է եղել։
Նոր գյուղի տարբեր փողոցներում զինյալ խմբավորումների կողմից արձակված տասնյակ ռումբեր, ինքնաշեն հրթիռներ են պայթել։ Համաձայն տարածված տեղեկության՝ պայթել է գազի բալոնով պատրաստված առնվազն 22 ինքնաշեն հրթիռ։
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է ավելի քան 22 զոհ և 77 վիրավոր։
Հալեպի լրատվական ծառայությունը Նոր Գյուղի հայությանը կոչ է արել տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հեռու մնալ պատշգամբներից և պատուհաններից։
Զոհերի և վիրավորների թվում հայերի առկայության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ անցնող 3 պատերազմական տարիների ընթացքում Սիրիայում տարբեր տեղեկություններով զոհվել է 130-180 հազար մարդ։ Ազգությամբ հայ զոհերի թիվն անցնում է 100-ը։