Բավ է պառակտվել
17-01-2015 13:07

Գերմանիային զգուշացրել են Բեռլինում և Դրեզդենում պատրաստվող ահաբեկչությունների մասին

Գերմանիայի անվտանգության մարմինները տեղեկություն են ստացել Գերմանիայի տարածքում իսլամիստական խմբավորումների կողմից պատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին: Որպես հարձակումների հնարավոր թիրախներ նշվել են Բեռլինի և Դրեզդենի կայարանները, որտեղ մշտապես մեծ թվով մարդիկ են լինում: Տվյալ տեղեկությունները ստացվել են միաժամանակ մի քանի արտերկրյա հատուկ ծառայություններից: Բացի այդ ըստ հատուկ ծառայությունների կողմից բացահայտած մի քանի հայտնի ջիհադիստների հաղորդագրական կապի տվյալների՝ սույն շրջանակներում քննարկվում է ահաբեկչական գործողությունը իրականացնելու հավանականությունը իսլամիստների դեմ հանդես եկող Pegida շարժման հերթական հավաքի ժամանակ, հաղորդում է DW-World-ը: Ինչպես նշված է Spiegel Online պարբերականի հաղորդագրության մեջ՝ ոստիկանությունը ավելի խստորեն կվերահսկի խոշոր գերմանական քաղաքների կայարանները: «Մենք առավելապես լուրջ ենք ընդունում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին տվյալները», - մեջբերում է պարբերականը հատուկ ծառայություններից մեկի աշխատակցի խոսքերը: Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել կոնկրետ սպառնալիքները, սակայն մատնանշել է, որ տվյալ տեղեկությունները հասնում են անվտանգության ծառայություն «տարբեր ուղղություններից»: «Գերմանիայի անվտանգության ծառայությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները բնակչության պաշտպանությունը ապահովելու համար», - հայտարարել է AFP-ին Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը: Նրա խոսքով՝ իրավիճակը լուրջ է, անհանգստության պատճառներ կան, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, սակայն խուճապի կամ վախի տրվելու պատճառներ չկան: