Բավ է պառակտվել
24-03-2015 10:56

Գերմանիան և Հունաստանը հարաբերությունների նոր փուլ են սկսում (տեսանյութ)

Նախօրեին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վերահաստատեցին Աթենքի պարտքը մարելու ուղիները փնտրելու վերաբերյալ իրենց համատեղ որոշումը: Թեև կողմերը չեն քննարկել ֆինանսական օգնության ծրագրի մանրամասները, սակայն հաղորդվում է, որ Հունաստանը այլևս Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցում չի պահանջում: Գերմանիայի կանցլերի հետ տեղի ունեցած կարճատև հանդիպումից հետո Հունաստանի վարչապետը խոսեց բարեկամության և երկու պետությունների միջև նոր հարաբերություններ հաստատելու մասին: Նա ընդգծեց, որ Հունաստանը չպետք է մեղադրի այլ երկրներին իր դժբախտությունների համար և հավելեց, որ Հունաստանը ունի ներքին խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Առաջին հերթին դա վերաբերվում է հարկերից խուսափելուն: «Սխալ կլիներ Հունաստանի խնդիրների համար պատասխանատվությունը ամբողջությամբ դնել օտարերկրացիների վրա», - հայտարարեց Ցիպրասը: Ավելի վաղ, դիմելով ներքին ունկնդրին, վարչապետը խոսել է ամենևին այլ տոնով: «Մի՞թե սա մեր երազանքների Եվրոպան է: Եվրոպան անկեղծ խոստովանում է, որ իր գործողություններով հումանիտար ճգնաժամ է հրահրել, այնուհետև այն ճգնաժամից դուրս գալու փորձերը միակողմանի գործողություններ է անվանում: Այդ ի՞նչ Եվրոպա է: Ու՞մն է այն ներկայացնում», - ասել է Ցիպրասը իր ելույթներից մեկի ժամանակ: Այնուամենայնիվ երկրները չեն քննարկել փոխհատուցման անհարմար հարցը: Գերմանիայի կանցլերը հայտնեց լրատվամիջոցներին, որ կողմերը փակել են այդ հարցը: Իր հերթին Ցիպրասը հայտարարեց, որ Հունաստանի կառավարությունը մտադիր չէ առգրավել Հունաստանի տարածքում պահվող գերմանական ակտիվները: