Բավ է պառակտվել
21-07-2014 12:47

Հուլիսի 20-ը դարձել է Գազայի հատվածում ամենաարյունալի օրը

Իսրայելի զինուժը շարունակում է ընդլայնված ցամաքային ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ինչը հանգեցրել է պաղեստինցիների շրջանում մեծաթիվ զոհերի։ Ըստ Պաղեստինի իշխանությունների՝ կիրակի Գազայում սպանվել է առնվազն 100 մարդ: Հուլիսի 20-ը դարձել է այս հակամարտության ամենաարյունալի օրը։
Al Arabiya-ը հաղորդում է, որ իրավիճակի սրման պատճառով հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրը՝ Գազայից հեռանալով բոլոր հնարավոր փոխադրամիջոցներով։ Մինչդեռ Agence France-Presse գործակալության թղթակիցները հաղորդում են փողոցներում ռմբակոծությունների հետևանքով ցաքուցրիվ եղած բազմաթիվ դիակների մասին։ Նրանք նաև տեղեկացնում են, որ ռմբակոծությունների պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել վիրավորներին, ովքեր ևս գտնվում են փողոցներում։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն Իսրայելին մեղադրել է սպանդ իրականացնելու համար ու եռօրյա սուգ հայտարարել՝ ի հիշատակ զոհերի։ Աղբյուրը հավելում է, որ պաղեստինա-հրեական հակամարտությունն արդեն շարունակվում է 13-րդ օրը։ Այս ընթացքում զոհերի թիվը հասել է 400-ի. նրանց մեծ մասը պաղեստինցիներ են։