Բավ է պառակտվել
25-01-2017 18:51

ՀԴԲ-ն խոստովանել է, որ գաղտնալսել է ՌԴ դեսպանի հետ Թրամփի օգնականի հեռախոսազրույցները


ՀԴԲ-ի աշխատակիցները գաղտնալսել են 2016թվականի դեկտեմբերին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Մայքլ Ֆլիննի՝ Վաշինգտունում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ունեցած հեռախոսազրույցները, սակայն դրանց բովանդակության մեջ որևէ կասկածելի կամ անօրինական բան չեն հայտնաբերել: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է NBC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կանոնավոր կերպով գաղտնալսում են Կիսլյակի հեռախոսային խոսակցությունները, և այս դեպքը ևս բացառություն չի եղել:
Հեռուստաընկերությունը նշում է, որ ՀԴԲ-ն այս հարցի վերաբերյալ որոշակի ճշտումներ է արել, բայց պաշտոնական հետաքննություն չի սկսել:
ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ՀԴԲ-ն ուսումնասիրել է Ֆլիննի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների միջև եղած կապերը՝ պարզելու համար, արդյոք չե՞ն եղել արդյոք օրինախախտումներ:
«WSJ» թերթը հունվարի 22-ին նշել էր, որ տվյալ ստուգումներն իրականացնում են ՀԴԲ-ն, ԿՀՎ-ն, ԱՄՆ-ի ԱԱԳ-ն:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել էր, որ 2016 թ. վերջին Մայքլ Ֆլիննը հեռախոսային զրույց է ունեցել Սերգեյ Կիսլյակի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի կազմակերպման հարցը:
«Reuters»-ի տվյալներով դա տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին: Հենց նույն օրը Օբաման հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչի արդյունքում 35 ռուսական դիվանագետներ արտաքսվեցին ԱՄՆ-ից:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կապեցին ամերիկյան քաղաքական կառույցների վրա կատարված կիբերհարձակումների հետ, որոնցում ԱՄՆ-ի արդեն նախկին ղեկավարությունը մեղադրում էր Ռուսաստանին :
Ռուսաստանը բազմիցս է հերքել իր մասնակցությունն այս կիբերհարձակումներին:
Մեկնաբանելով նոր պատժամիջոցների կիրառումը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դրանք ագրեսիայի դրսևորում են: