Բավ է պառակտվել
23-05-2014 13:01

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կարգելի մասնակցել բոլոր նիստերին

Բաքվում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի նիստի ընթացքում քաղաքական սկանդալ է տեղի ունեցել։

Ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկացնում է, որ Բյուրոն որոշել է առաջիկա 2 տարիների ընթացքում չեղյալ համարել Ադրբեջանում կայանալիք բոլոր նիստերը։

Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու 2014թ.-ի հունիսի մեկից և ընդունվել է՝ պայմանավորված Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ փոխնախագահին մուտքի արտոնագիր չտրամադրելու քայլով։

ԵԽԽՎ փոխնախագահ, ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուկեի մուտքն Ադրբեջան արգելվել էր, քանի որ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով վերջինս ընդգրկվել է Ադրբեջանի համար անցանկալի անձանց «սև ցուցակում»։

ԵԽԽՎ բյուրոն կարծում է, որ փոխնախագահին վիզա չտրամադրելը խախտում է կառույցի անդամների ազատ տեղաշարժի արտոնությունը։

Սահմանափակումը, սակայն, չի տարածվելու ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ-ի մոնիթորինգային առաքելության վրա։
Բացի այդ, ԵԽԽՎ-ն կարող է չեղյալ համարել այդ որոշումը, եթե Վեհաժողովի անդամների ազատ տեղաշարժն ապահովվի։

Նման որոշում 2013թ.-ի նոյեմբերին ընդունվել էր Վրաստանի վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուկեին բնութագրում են որպես հայամետ գործիչ և նշում, որ նա իր դիրքորոշումների մասին բազմիցս հայտնել է ԵԽԽՎ-ում։