Բավ է պառակտվել
01-05-2014 17:12

Էրդողանը ընդունել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդին

՛՛Ակօս՛՛ շաբաթաթերթի կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսոկոպոս Աթեշյանին և հայ համայնքի այլ ներկայացուցիչների։

Հանդիպումը, որին մասնակցել են փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Կարագյոզյան դպրոցի կառավարման խորհրդի ղեկավար Տիգրան Գյուլմեզգիլը և այլք, տևել է 1,5 ժամ։

Աթեշյանը հանդիպումից հետո զրուցել է լրագրողների հետ։

Նա նշել է, որ Թուրքիայի աշխարհագրական տարածքը հոգնել է ցավ տեսնելուց։ «Ոչ ոք չի կարող հերքել, որ տասնյակ հազարավոր ընտանիքների զավակներ, կորցրին իրենց մայրերին, հայրերին, զավակներին, քույր-եղբայրներին։ Այս հողերը կշտացել են արյունից։ Այդ ամենն այս երկրում է տեղի ունեցել։ Այժմ կարծես մի դի կա, որն սկսել է հոտել և բոլորին անհանգստություն է պատճառում այդ հոտը։ Երկու հանրությունները պետք է կողք կողքի գան։ Ինչ աղոթք որ պետք է, թող կարդան, սակայն այդ դին, քանի դեռ չի սկսել քայքայվել, պետք է թաղեն»,- ասել է նա։

Նա անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը՝ հայերի ցավը կիսելու վերաբերյալ։ Նա Էրդողանին համեմատել է Նոյ նահապետի ուղարկած աղավնու հետ, որը ձիթենու ճյուղ է բերել։ «Մենք չենք ցանկանում, որ այդ ճյուղը չորանա։ Մենք ցանկանում ենք այն տնկել և պտուղները տեսնել։ Մենք կարոտում ենք այն օրերը, երբ երկու ժողովուրդներն ապրում էին կողք կողքի՝ բարեկամաբար»,- ասել է նա։

Աթեշյանը մաղթել է, որ Էրդողանի «մեսիջը» և իրենց այցը դեպի ապագա կառուցվելիք կամրջի հիմքը դառնան։