09-04-2014 11:01

Ռեջեփ Էրդողանն անցել է հստակ գործողությունների

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցել է Ֆեթուլլահ Գյուլենի դեմ գործողությունների: Առաջին հարվածները հասցրել է Ադանայի եւ Անկարայի ոստիկանության պետերին։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 8-ի առավոտյան Ադանայում ձերբակալվել են ոստիկանության հետախուզության նահանգային վարչության 8 աշխատակիցներ, որից հետո ձերբակալություններ են սկսվել Անկարայում։ Անկարայում իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալվել են Անկարայի ոստիկանության հետախուզության վարչության տարբեր բաժանմունքների 4 պետեր։ Ձերբակալվածները մեղադրվում են քաղաքացիների հեռախոսներն անօրինական կերպով գաղտնալսելու մեջ։ Նշենք, որ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում ինտերնետում են հայտնվել Էրդողանի եւ նրա շրջապատի միջեւ հեռախոսազրույցների գաղտնալսումները։ Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ավարտին, երբ Էրդողանը հասկացավ, որ կրկին հաղթում է ընտրություններում, հայտարարել էր, որ խստորեն պատժելու է գյուլենականներին։