Բավ է պառակտվել
16-01-2014 12:16

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Էրդողանի ցուցումները թուրք դեսպաններին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է թուրք դեսպաններին և խոսել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին պատրաստվելու մասին: Նա տեղեկացրել է, որ հայկական սփյուռքն արդեն սկսել է պատրաստվել։ «Մենք պատմական, գիտական տվյալները մեջտեղ բերելով՝ պետք է դիմակայենք այդ քարոզչությանը։ Առաջին համաշխարհային պատերազմը լավ հասկանալով և լավ ներկայացնելով՝ ապահովելու ենք, որ 2015թ.-ին այն բոլորը լավ հասկանան»,- հայտարարել է Էրդողանը։ Թուրք վարչապետը պնդել է, թե հայկական սփյուռքը փորձում է աշխարհին միակողմանի ներկայացնել պատմությունը։ «Դուք էլ լավ գիտեք, որ մի երկիր, մի ազգ, եթե կտրվի իր պատմությունից, չի կարողանա կանգուն մնալ։ Ինքն իրեն չի ճանաչի, չի կարողանա ներկայացնել։ Ժողովուրդները ծառի են նման։ Նրանց արմատը հողի մեջ է, արմատների միջոցով է կանգուն մնում և արմատով ապրում։ Արմատ չունեցող, արմատը մոռացող կամ ժխտող ժողովուրդը ոչ միայն իր անցյալը, այլև ներկան, ինքնությունն էլ կմերժի և անդեմ կմնա։ Պատմությունն աղավաղելով՝ գրողները կամ պատմությունը մոռացող ժողովուրդներն իրենց ինքնությունը, հոգին, արմատները մոռացած դժբախտ ազգեր են»,-ասել է Էրդողանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը թուրք ժողովրդի պատմությունը մոռացողներից չէ։