Բավ է պառակտվել
02-06-2016 17:38

Բունդեսթագի որոշումը լրջորեն կազդի Գերմանիայի հետ հարաբերությունների վրա. Էրդողան

Նայրոբիում Քենիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին արձագանքն է տվել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: 
«Քիչ առաջ պարոն վարչապետի հետ հեռախոսազրույց ունեցա։ Մեր ընդհանուր տեսակետն է որպես առաջին քայլ Գերմանիայում մեր դեսպանին հետ կանչելը։ Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը լրջորեն կազդի Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Վերադարձից հետո կվերլուծենք, կտեսնենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»,-ասել է Էրդողանը, նշելով, որ մինչ իր վերադարձը՝ Արտգործնախարարությունն անհրաժեշտ աշխատանքները կիրականացնի, ինչից հետո էլ «քայլեր կձեռնարկեն»։ 
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն, իր հերթին, Բունդեսթագի ընդունած որոշումը «մեծ սխալ» է որակել ու հայտարարել է, որ այն անընդունելի է Թուրքիայի համար։ 
Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։