Բավ է պառակտվել
27-11-2015 14:08

Էրդողանը ծիծաղելի կերպով փորձում է հերքել այն, ինչն ակնհայտ է. Սերժ Թանկյան

Հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսական Սու-24 ռազմական օդանավի խոցման պատճառով ռուս-թուրքական հարաբերություներում առաջացած ճգնաժամին։
Աշխարհահռչակ երաժիշտը մասնավորապես անդրադարձել է հրապարակված այն նյութին, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակադարձում է պաշտոնական Մոսկվայի հնչեցրած մեղադրանքին ու պնդում, թե իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ոչ թե իրենք, այլ Սիրիայի իշխանություններն են հովանավորում։
Թանկյանի բնորոշմամբ` Էրդողանն անչափ պաթետիկ ու ծիծաղելի կերպով է փորձում հերքել այն, ինչն ակնհայտ փաստ է։
Այնուհետև երաժիշտը հրապարակել է հեգնական բնույթի մի գրառում` իբր Էրդողանի անունից, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Իմ որդի Բիլալը ներգրավված չէ ԻՊ-ի հետ նավթի ապօրինի վաճառքի հարցերում: ԻՊ-ի հրամանատարները չեն սրճում Ստամբուլի սրճարաններում ու բուժում չեն ստանում մեր հիվանդանոցներում, և ոչ էլ մեր զինվորականները նրանց մահացու վտանգավոր զինամթերքներ են մատակարարում: Իրականում մենք չենք կարող ասել նրանց և մեր ժողովրդի միջև եղած տարբերությունը` բացառությամբ, իհարկե, միայն քրդերի ու հայերի։ Սուլթան Էրդողան»: