Բավ է պառակտվել
11-06-2015 14:48

Էրդողանը կոչ է արել որքան հնարավոր է արագ կոալիցիոն կառավարություն ձևավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել որքան հնարավոր է արագ կոալիցիոն կառավարություն ձևավորել՝ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա:
«Կոալիցիոն կառավարությունը պետք է ձևավորվի որքան հնարավոր է արագ։ Ոչ ոք չի կարող իր վրա վերցնել երկիրն առանց կառավարության թողնելու պատասխանատվությունը։ Պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները։ Պետք է ասել ոչ թե «ես», այլ՝ «մենք»»,- ասել է Էրդողանը՝ Անկարայում բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում։ 
Թուրքիայի խորհրդարանի առաջին նիստը, հավանաբար, կկայանա հունիսի 23-24-ին՝ ընտրությունների արդյունքները հայտարարելուց 5 օր անց։ Պատգամավորները պետք է ընտրեն խոսնակին և հաստատեն կառավարության նոր կազմը։ Եթե պատգամավորներին չհաջողվի հաստատել նոր կազմը 45 օրվա ընթացքում, նախագահը կլուծարի խորհրդարանը և կնշանակի արտահերթ ընտրություններ։ 
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Դավութօղլուի կառավարությունը հրաժարական է տվել, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ Դավութօղլուն զբաղվելու է նոր կառավարության ձևավորման հարցով: Իշխող կուսակցությունն ընտրության արդյունքում չէր կարողացել բացարձակ մեծամասնություն ձևավորել, ուստի՝ ստիպված է լինելու կոալիցիոն կառավարություն կազմել: