Բավ է պառակտվել
20-07-2015 13:26

Очередное «открытие» Эрдогана: Первыми на Луну высадились турки

Սա չար կատակ կամ հեգնանք չէ: Թուրքիայի նախագահ Էրդողանն իսկապես հայտարարել է, որ իր հայրենակիցները հաղթահարել են Երկիր մոլորակի ձգողական ուժը եւ Լուսին հասել ամերիկյան տիեզերագնացներից երեք դար առաջ, ավելի ճշգրիտ` 1635 թվականին: Ընդ որում, Լագարի Հասան Չելեբի անունով օսմանցին ոչ միայն հասել էր Լուսին, այլ նաեւ քայլել էր դրա մակերեսով, շարունակեց Էրդողանը, հորդորելով միջազգային հանրությանը ենթադրյալ վայրէջքի տեղում մզկիթ կառուցել Լուսնի վրա: Նկատելով հավաքվածների քմծիծաղն ու հազիվ զսպվող հեգնանքը, Էրդողանը զայրացավ եւ ճչաց՝ «Ինչո՞ւ եք փսփսում: Չե՞ք կարող հավատալ, որ մահմեդականը ունակ է նման բաների…Ոչինչ, շուտով ես ձեզ ապացույցներ կներկայացնեմ»: Թուրք նախագահի ցնցող հայտնությունը հիմնվում է ոմն Լագարի Հասան Չելեբիի մասին 17-րդ դարի արաբ հեղինակ Մեհմեդ Զիլլիի պատմության վրա, ով, ըստ հեղինակի, մի անգամ թնդանոթից կրակած հրթիռի միջոցով սուլթանի ներկայությամբ թռիչք կատարեց դեպի օդ: Ըստ Մեհմեդ Զիլլիի, արկածախնդիր Չելեբին բացականչեց կրակոցից առաջ՝ «Սուլթանն ապրած կենա, ես գնում եմ զրուցելու Քրիստոսի հետ»…  Չելեբին մոտ երկու հարյուր մետր օդ էր բարձրացել, հետո ընկավ Բոսֆորի ջուրը եւ լող տալով հասավ ափ, որտեղ ասաց սուլթանին՝ «Հիսուսը ողջույն ուղարկեց քեզ, իմ տիրակալ»…

Զարմանալի է, թե ինչպես Էրդողանի ուշադրությունից վրիպեց այն ակնհայտ փաստը, որ Հիսուսին երկու անգամ հիշատակող Չելեբին չէր կարող լինել մահմեդական, ինչպես կրքոտ ոճով հայտարարում է թուրք նախագահը: Բացի դա, ընթերցողներն, իհարկե, անմիջապես հիշեցին Ռուդոլֆ Էրիխ Ռասպեի գրքի աշխարհահռչակ հերոս բարոն Մյունհաուզենին, որը մոտավորապես նույն սխրանքն է կատարել, ի միջի այլոց հենց թուրքերի դեմ պատերազմի ժամանակ: Ըստ երեւույթին, Ռասպեն նույնպես լսել էր Չելեբիի մասին պատմվածքը, սակայն, ի տարբերություն թուրք նախագահի, դարձրել է այն առասպելական սուտասանի մասին իր հռչակավոր գրքի մի դրվագ: Էրդողանը շատ ավելի լուրջ է վերաբերվել միջնադարյան հեքիաթին եւ, հենվելով այս ծանրակշիռ հեղինակության վրա, խիզախ ենթադրություն է արել, որ երկու տարի անց, կատարելագործելով իր «հրթիռը», Չելեբին բարեհաջող թռիչք կատարեց դեպի Լուսին: Ավելին, Էրդողանն ասաց, որ «NASA-ն ամենայն հավանականության ոչնչացրել է Լուսնի վրա թուրք տիեզերագնացի ներկայության իրեղեն ապացույցները, սակայն մենք կգտնենք պահպանված վկայությունները»…

Ի՞նչ կարելի է ասել այս բարձրաստիճան զառանցանքի մասին: Ասում են, իշխանությունը խենթացնում է: Էրդողանի ստերն այդքան էլ անվտանգ ու ծիծաղելի չեն, եթե հիշենք, որ պատկանում են հզոր բանակի հրամանատարին, ում երկիրը գտնվում է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ: Սա զավեշտի չափ նման է այսօրվա Ռուսաստանի ղեկավարների զառանցանքին, որոնք, ի տարբերություն Էրդողանի, իսկապես ժառանգել էին իրական տիեզրագնացություն, սակայն սեփական ագահության եւ ապիկարության պատճառով հասցրին այն սնանկության եւ տապալման: Մինչդեռ ամերիկացիների արբանյակը հեռավոր Պլուտոնից լուսանկարներ է ուղարկում Երկիր, գերազանցելով ամենախենթ երազնաքները, ռուսական հրթիռների վերջին շրջանի տխրահռչակ անհաջողությունները նմանվում են Հասան Չելեբիի եւ բարոն Մյունհաուզենի թռիչքներին…

Անհավանական թվացող այս պատմությունը թուրք «տիեզրագնացի» եւ նախագահ Էրդողանի մասին մեջբերում ենք կասկածամիտների համար նաեւ դրա անգլերեն բնագրով: